Արտասովոր ախտանշան, որը կարող է հուշել Ալցհեյմերի հիվանդության մասին

Դեմենցիան կամ թուլամտությունը գլխուղեղի մի շարք հիվանդությունների հավաքական անվանումն է, որոնցից ամենատարածվածը համարվում է Այցհեյմերի հիվանդությունը։ Սա շատ վտանգավոր անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը լուրջ ազդեցություն է ունենում կյանքի որակի ու տևողության վրա:

Դեմենցիան ու կոգնիտիվ կարողությունների տարիքային թուլացումը տարբերելն իրականում բավական բարդ է, քանի որ դրանց հիմնական դրսևորումները շատ նման են լինում և մարդիկ հաճախ են շփոթում դրանք միմյանց հետ: Դեմենցիան դանդաղ զարգացող ու դժվար ախտորոշվող հիվանդություն է, ուստի դրա մասին հուշող հավանական ախտանշաններն իմանալը շատ կարևոր է: Այս հիվանդությունը զարգացման վաղ փուլերում չի դրսևորվում վառ ախտանշաններով, ուստի այն հաճախ աննկատ է մնում, սակայն փորձագետները վստահ են, որ դեմենցիայի որոշ վաղ ախտանշաններ կարելի է նկատել նաև ամենօրյա որոշակի գործողությունների, օրինակ՝ խոսելու ընթացքում:

Ինչպես նշում է Թասմանիայի համալսարանի (Ավստրալիա) կոգնիտիվ նյարդակենսաբան Մարի Ֆերոուն, բոլորն էլ ժամանակ առ ժամանակ կարող են մոռանալ այս կամ այն բառը, սակայն դեմենցիայով հիվանդների մոտ այս խնդիրը շատ ավելի հաճախակի բնույթ է կրում: Առավել հաճախ նրանք սկսում են սխալ օգտագործել բառը՝ անգամ չնկատելով դա: Օրինակ՝ կարող են շփոթել ամենահասարակ բառերն ու օգտագործել մեկը մյուսի փոխարեն:

Մասնագետի խոսքով՝ դեմենցիայի որոշ տեսակների դեպքում լեզվական խնդիրները կարող են լինել հիվանդության ամենաառաջին ախտանշաններից մեկը: Օրինակ՝ նման ախտանշան կարող է նկատվել ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիայի կամ Ալցհեյմերի հիվանդության դեպքում, ուստի առաջին հայացքից անկարևոր թվացող այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Նյութի աղբյուրը՝ tert.am։

ԼՐԱՀՈՍ