«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ», ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆ, ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈ․ ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է

Հայաստանում կուսակցաշինության գործընթացը չի դադարում` արդարադատության նախարարության azdarar.am կայքում օր-օրի ավելանում են նոր կուսակցությունների անվանումները։ Մենք արդեն ներկայացրել ենք մոտ երկու տասնյակ նոր կուսակցություններ, որոնք հանրությանը ներկայանում են ոչինչ չասող անուններով եւ դեմքերով։ Քաղտեխնոլոգներն այսպիսի պրոցեսները բնական են համարում, քանի որ նախընտրական ամիսներ են։

Օրերս կայքում հայտնվել է եւս մի քանի անուն՝ «Համահայկական ազգային պետականություն», «Սոցիալ-իրավական հավասարություն», «Արեւ սոցիալիստական», «Անկախության սերունդ», «Վան ազգային-պահպանողական կուսակցություն»։ Սրանց ներկայացուցիչները կցկտուր են իրենց խոսքերում, մեծամասամբ խուսափում են նպատակների, անելիքների վերաբերյալ ինֆորմացիա տալուց։ Օրինակ «Արեւ սոցիալիստական» անունը կրող կուսակցության ներկայացուցիչ Գեւորգին հարցրինք՝ ընդդիմադի՞ր դաշտում են գործելու։ Նա վրդովվեց՝ դե, քանի որ իշխանություն չենք, պարզ է, որ ընդդիմություն ենք, եւ շեշտեց, որ իրենք բոլորի հետ կարող են համագործակցել, այդ թվում՝ իշխանության։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։

«Անկախության սերունդ»-ից Վանիկ Չալոյանն ասաց, որ իրենք հասարակական-քաղաքական կյանքում շատ ավելի վաղ են հայտնվել․ «Կուսակցություն դառնալու գաղափարը մեր ընկերների եւ համակիրների համատեղ որոշումն է եղել, նպատակն այն է, որ ակտիվորեն ներգրավվենք երկրի քաղաքական պրոցեսներում ու փորձենք մեր ուժը ներդնենք երկրի զարգացման մեջ՝ ելնելով հետպատերազմյան Հայաստանի ճգնաժամային իրավիճակից եւ երկրի զարգացումը խոչընդոտող այլ հանգամանքներից»։

Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու նպատակ ունի, քննարկումների մեջ է մյուս քաղաքական ուժերի հետ, բայց որեւէ որոշում դեռ չկա։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց գործունեությունն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն Հայաստանի Հանրապետության․ «Մենք նպատակ ունենք ճգնաժամը լուծելու եւ կարծում ենք՝ առկա ճգնաժամը հանգուցալուծելու ճիշտ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, այդ ընտրությունները կտան պատասխանը, թե ովքեր պետք է հեռանան իշխանությունից, ովքեր պետք է լինեն իշխանություն»։ Անդրադառնալով իրենց կուսակցության անվանը՝ Չալոյանն ասաց․ «Ներկայիս Հայոց պատմության մեջ ամենակարեւոր ու թանկ բաներից մեկը հենց անկախությունն է, ու անվան հարցում շատ խորն ենք գնացել, ի վերջո՝ մենք ունեցել ենք այդ անկախությունը։ Ներկա փխրուն իրավիճակներով, ի թիվս շատ այլ բաների, վտանգված է նաեւ Հայաստանի անկախությունը, ու մենք կարծում ենք, որ այն սերունդն ենք, որն իր համառ աշխատանքի եւ պայքարելու վճռականության շնորհիվ կարող է անկախության եւ պետականության հիմքերը խրել հողի մեջ։ Անվան հիմնական ընտրությունն այստեղից է գալիս»։

Նշենք, որ վաղը տեղի կունենա նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի «5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գեներալ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Հինգերորդ բրիգադը: Նոր ձեւավորվող կառույցում անդամագրվողների մեծ հոսք կա, այդ թվում՝ ԵԿՄ-ից։

Ապրիլի 17-ին տեղի է ունենալու նաեւ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի «Ազգ, բանակ, հայրենիք» անունով ստեղծվելիք կուսակցության համագումարը։

Աղբյուրը՝ hraparak.am։

ԼՐԱՀՈՍ